Սեփական պրոբլեմների լուծման անկարողությունը մեզնում ծնել է քաղաքական բնույթի երազողների մի հսկայական բանակ, մի երևույթ, որն աննշան առնչություններ ունի իրական կյանքի հետ։
Եվ սա մեզնում նորություն չէ, քանի որ պատմության ընթացքում միշտ եղել է նույնը՝ իրական պրոբլեմների առատությունը և դրանց անլուծելիությունը դարեդար ծնել են երազանքներ հնարավոր լավ կյանքի մասին՝ վկան հայ ժողովրդական հեքիաթները։
Ճիշտ ու ճիշտ դրա նման, մեր օրերում մենք հյուսում ենք քաղաքական ու ոչ քաղաքական բնույթի հեքիաթներ, որոնք մեր բարի ցանկությունների արտացոլանքն են և շատ հեռու են իրականությունից։
Դրա պատճառով մեզնից շատ շատերը, լինելով դաժան իրականության մեջ, շարունակում են ապրել զուգահեռ երազային աշխարհում, առանց տարբերություն դնելու հնարավորի ու անհնարինի մեջ և մեղադրելով իրատես փոքրամասնությանը, որ նրանք դավաճանում են ազգային շահերին։
Այս երևույթն ունի պատմական իր խոր արմատները, և այն հանգամանքը, որ արևմտյան բարձրորակ կյանքը ցանկալի է շատերի համար, գաղտնիք չէ, ու հարցը այստեղ ոչ թե դրա ցանկալի լինելը կամ չլինելն է, այլ դրա իրագործելի կամ անիրագործելի լինելը։
Այս հարցում իրատեսորեն կողմնորոշվելու համար նախ և առաջ պետք է հստակեցնել, թե որն է Արևմուտքի նման ցանկալի կյանքի աղբյուրը, և արդյո՞ք իրատեսական է նման աղբյուր ունենալը մեզնում։
Այս հարցը մեզ մղում է դեպի մի այլ հարց, թե պատմականորեն ո՞րն է եղել Արևմուտքի ներկա բարեկեցության աղբյուրը։
Այս հարցի պատասխանը Աճեմօղլուի նման մտածողների համար միարժեք է, և դա, ըստ իրենց, դեմոկրատիան է ու նույն Արևմուտքի ինստիտուցիոնալ կառուցվածքը, մի պատասխան, որն աչքաթող է անում Հոլանդիայում ու Անգլիայում կապիտալիզմի ծագման հետ կապված հիմնարար բնույթի բազմաթիվ հարցեր։
Հիմնական հարցը, որը ծագում է այս պրոբլեմի անալիզի ժամանակ, դա այն է, թե Անգլիայի նման ռեսուրսներով աղքատ երկրում ինչպե՞ս կարողացավ ծնվել այնպիսի մի հզոր ու բազմակողմանի ռեսուրս պահանջող երևույթ, ինչպիսին կապիտալիզմն է։
Եվ այստեղ բնականորեն ծագում է այդ ամենի առաջացման համար անհրաժեշտ նախնական կապիտալի ու գաղափարախոսության հարցը, հզոր նավատորմ ունենալու ու ժամանակի գերտերություն Իսպանիային հաղթելու հարցը, զարգացման համար անհրաժեշտ հավելյալ արժեքի հարցն ու դրա կապը գաղութատիրության հետ և այլն, և այլն։
Նման հարցերի մեջ շատ թե քիչ խորանալուց հետո սկսում ես հասկանալ, որ արևմտյան տեսակի կյանքը ցանկալի, բայց նաև անհասանելի է մեզ նման անկազմակերպ աննպատակների համար։
Մյուս հնարավոր, բայց շատ դժվար իրագործելի տեխնոլոգիան, որը մեզ կտանի դեպի բարեկեցություն, եթե նույնիսկ անվտանգության հարցերը դնենք մի կողմ, մնում է էֆեկտիվ ձևով ինքնակազմակերպումը և, ռադիկալ գաղափարախոսությամբ առաջնորդվելով ու կրթվելով, դեպի ռացիոնալ կյանք գնալը։
Հետո էլ նայում ես չորս կողմդ, տեսնում ես ձևական անկախության ընթացքում մեր անկման սարսափելի ու շատ դժվար բացատրելի չափն, ու ապրել շարունակելու միակ տարբերակը մնում է լավ փորձարկված հին մոտեցումը՝ «անճարը կերել է բանջարը», այն էլ՝ անվտանգության ճակատագրական հարցի ինչ-որ ձևով լուծվելուց հետո։
Պետք է կարողանալ նաև հասնել այն գիտակցությանը, որ հարցեր լուծողը ուժն է, և եթե դու դա չունես, ապա հնարավոր լուծմանը կարելի է հասնել միայն շատ թե քիչ ոչ վայրագ ուրիշի ուժով։
Պատմությունն ու իրատեսությունը սա են ասում, իսկ պատմական շրջադարձային կետերում կրիտիկական ռիսկերի հետ խաղալը միայն քաղաքական տհասության մասին է խոսում։
Պավել Բարսեղյան